No comments yet

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հոգեհանգստյան արարողությունը

 

ՀՐԱԺԵՇՏ ՍԵՊՈՒՀ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Կատարվեց Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի

հուղարկավորության արարողությունը

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վանաձորում նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ լուսահոգի Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը։

Առավոտյան Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսքով դիմեց հոգևոր դասին, բարեհիշատակ Սեպուհ Սրբազանի վշտակիր հարազատներին և Գուգարաց թեմի հավատացյալներին։

«Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր,

Սիրելի սգակիր հավատացյալներ,

Կորստի ծանր զգացումով ու խոր վշտով սգում ենք մեր Եկեղեցու բազմավաստակ հոգևորականի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անժամանակ մահը։ Ամենքիս համար դժվարին այս պահին Մեր սրտաբուխ աղոթքները թող ուղեկից լինեն լուսահոգի Սրբազանին դեպի երկնային հավիտենական կյանք նրա ճանապարհին։

Սեպուհ Սրբազանին ճանաչել ենք հոգևոր ճեմարանում նրա ուսանողական տարիներից։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում, Փոքր Հայքի Մալաթիա քաղաքում, ապա մանուկ հասակում ծնողաց հետ ներգաղթել հայրենիք և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում։ Կյանքի ողջ ընթացքին Սրբազանի սիրտն ու հոգին անքակտելիորեն կապված մնացին իր ծննդավայրին՝ մեր պատմական հայրենիքին, մեր սրբություններին, մեր հայրերի ստեղծած հարուստ ժառանգությանը։

Դեռևս ուսանողական տարիներից Սրբազանն առանձնանում էր իր եռանդուն ու աշխույժ բնավորությամբ, մեր ժողովրդի բարօրությանն ու մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը իր ջանքերը բերելու ազնիվ ձգտումներով։ Ավարտելով հոգևոր ուսումնառությունը՝ լուսահոգի Սրբազանը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվեց կուսակրոն հոգևորական։ Նա վարչական տարբեր հանձնառություններ ստանձնեց Մայր Աթոռում, հովվական սպասավորություն իրականացրեց հայրենիքում և արտերկրում՝ իր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը։

1997 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լուսահոգի Սրբազանը ծառայության կոչվեց Գուգարաց թեմի Առաջնորդի պաշտոնին և արժանացավ եպիսկոպոսական օծման՝ նոր ու առավել պատասխանատու հանգամանքով շարունակելու իր ծառայությունը Բարձրյալն Աստծուն ու հավատավոր մեր ժողովրդին։ Բարեհիշատակ Սեպուհ Սրբազանը անսպառ եռանդով քարոզեց Աստծո Խոսքը իր հոգևոր առաջնորդությանը վստահված հավատավոր հայորդիներին, Բարձրյալի և մեր հայրերի հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով կարելին ի սպաս դրեց՝ վերարթնացնելու հոգևոր կյանքը Տիրախնամ Թեմում։ Շուրջ քառորդ դար նվիրյալ ծառայությամբ Սրբազանը նախաձեռնեց ու քաջալերեց Թեմի տասնյակ վանքերի ու եկեղեցիների նորոգության ու վերակառուցման աշխատանքները։ Նա եղավ մեկը այն երջանիկ առաջնորդներից, ում պաշտոնավարության շրջանում խորհրդային տարիների փլուզումից հետո Լոռվա աշխարհում Աստծո օրհնությամբ վերստին ղողանջեցին զանգերը մեր վանական համալիրների, բացվեցին դռները փակված եկեղեցիների, շարունակվեց շարականն ու աղոթքը հայ հոգևորականի մեր բոլոր սրբավայրերում։

Հոգելույս Սրբազանը ձեռնամուխ եղավ նաև սոցիալական ու բարեսիրական ծրագրերի իրականացմանը։ Նրա նախաձեռնությամբ Թեմի հովանու ներքո հիմնվեց «Ծիծեռնակ» ճամբարը, որի հարկի ներքո տարիներ շարունակ ամառային իրենց հանգիստը անցկացրեցին բազմաթիվ հայորդիներ կարիքավոր ընտանիքներից։ Գիտենք, թե ինչպիսի ուշադրություն ու սեր էր տածում նա մանկական այդ ճամբարի հանդեպ և հետևողականորեն հոգ տանում, որ հաստատության հարկի ներքո հանգրվանած մանուկների ու պատանիների համար ճամբարային օրերը հագեցած լինեն կրթական ու դաստիարակչական միջոցառումներով։

Վերջին տարիներին Սրբազանի նախանձախնդրությամբ ի կատար ածվեց «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում իր անձնական հեղինակության ու հարաբերությունների շնորհիվ կարողացավ բնակարաններ ապահովել տասնյակ ընտանիքների համար՝ իբրև աջակցություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուց։

Լուսահոգի Սրբազանը իր կարողություններն ու փորձառությունը ծառայեցրեց նաև Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությանը՝ հանձնառություններ ստանձնելով Մայր Աթոռի տարբեր հանձնախմբերում և անդամակցելով Գերագույն Հոգևոր Խորհրդին։ Նրա վաստակը մեր Եկեղեցու անդաստանում Մենք գնահատել ենք շնորհելով հոգելույս Սրբազանին Արքության պատիվ։

Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի վախճանումով մեր Եկեղեցին կորցրեց իր նվիրյալ ու քաջակորով սպասավորին: Սրբազանի մահվան կապակցությամբ այս օրերին Մենք ցավակցություններ ենք ստացել մեր Նվիրապետական Աթոռների գահակալներից՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսից, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանից, թեմակալ առաջնորդներից, մեր բազմաթիվ հավատացյալ հայորդիներից։

Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բազումողորմ Տերը ամենառատ Իր ողորմությամբ գթա հավատարիմ Իր ծառային՝ նորոգ հանգուցյալ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանին և երկնային երանական հանգրվաններում խաղաղության մեջ ընդունի նրա լույս հոգին` արժանացնելով փառաց անթառամ պսակին: Ամենքիս սգակիր սրտերին մխիթարություն թող լինեն սիրելի Սեպուհ Սրբազանի աստվածասեր կյանքի բարի հիշողությունները և կենարար պատգամը Հիսուս Քրիստոսի. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով Իմ խոսքը լսում է ու հավատում է Նրան, ով Ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը» (Հովհ. 5.24):

Հայցում ենք, որ բարեգութն Աստված Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփի հոգելույս Սրբազանի ընտանիքի անդամների՝ եղբայրների, քույրերի, հարազատների և համայն վշտացելոց սրտերը:

Սրբազանի լույս հիշատակը մշտապես պիտի ապրի Մեր, հոգևորականաց, մեր Սուրբ Եկեղեցու հավատացելոց հոգիներում ու սրտերում։

Յիշեսցէ Տէր զհոգի ծառային իւրոյ և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց աստուածութեան իւրոյ. ամէն», – ասաց Վեհափառ Հայրապետը։

Ս. Պատարագի ավարտին հանգուցյալ Սեպուհ Սրբազանի աճյունը սգո թափորով փոխադրվեց թեմի Առաջնորդարանի բակ, ուր, լուսահոգի Սրբազանի ցանկության համաձայն, ամփոփվեց Շուշիի հաղթանակին նվիրված խաչքարի հարևանությամբ:

——————————————

Այսօր կատարվեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի այգուցի (ինքնահողի) կարգը։

 

 

———————————————-

 

J A M AN A K

ՀՐԱԺԵՇՏ ՍԵՊՈՒՀ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Հայաստանի մէջ այսօր կը յուղարկաւորուի Գուգարաց թեմի առաջնորդ՝ նորոգ վախճանեալ Տ. Սեպուհ Արք. Չուլճեան։ Եկեղեցական շրջանակներէ ներս վերջին օրերուն ցաւ յառաջացուցած էր իր անժամանակ կորուստը։ Նորին սրբազնութիւնը զոհ գացած է քորոնաժահրի համաճարակին։

Թրքահայութիւնն ալ ցաւ ի սիրտ հրաժեշտ կու տայ հոգելոյս Տ. Սեպուհ Արք. Չուլճեանի։ Ան մեր համայնքի հաւատացեալներուն սիրտը գրաւած բարձրաստիճան եկեղեցական մըն էր։ Այսօր բոլորը կը սգան նախախնամական այս ծանր տնօրինութեան համար։ Տ. Սեպուհ Արք. Չուլճեան թրքահայ հաւատացեալներուն համար դարձած է այլեւս բարեյիշատակ սրբազան մը։ Ան հոգեւոր ասպարէզէ ներս պիտի յիշուի որքան իր յաջողութիւններով, հասած նպատակներով, այնքան նաեւ իր չիրականացուած իտէալով։ Արդարեւ, Տ. Սեպուհ Արք. Չուլճեան թրքահայ հաւատացեալներու յիշողութեան մէջ պիտի մնայ՝ որպէս պատրիարքական թեկնածու։ Ան այդպէս պիտի յիշուի, որովհետեւ այդ թեկնածութիւնը, խորքին մէջ, սիրոյ արտայայտութիւն մըն էր մեր համայնքի նկատմամբ։ Այդ թեկնածութիւնը, ըստ էութեան, մեր համայնքին ծառայութիւն մատուցելու պատրաստակամութեան շօշափելի դրսեւորումն էր։ Ան թէեւ չկարողացաւ հասնիլ այդ նպատակին, սակայն ժամանակներու մէջ վստահաբար լաւագոյնս կ՚արժեւորուի իր այդ բարի ձգտումը, ազնիւ մղումը։

Գուգարաց թեմի Առաջնորդանիստ եկեղեցւոյ մէջ նախատեսուած է նորոգ վախճանեալ Տ. Սեպուհ Արք. Չուլճեանի վերջին օծումը։ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ ծէսին ու կանոններուն համաձայն ան կը յուղարկաւորուի եւ կը բռնէ յաւերժութեան ճանապարհը։ Ան ունի հարուստ կենսագրութիւն մը, որ կը ցոլացնէ իր ծաւալած բազմակողմանի գործունէութիւնը եւ անմնացորդ սպասարկութեան ճանապարհին ներդրած եռանդը։ Հրաժեշտի փուլին բոլորը կը վերյիշեն իր բոլորած կեանքի ուղին։ Այսպէս, Տ. Սեպուհ Արք. Չուլճեան ծնած էր 1959 թուականի մարտի 24-ին, Մալաթիա: Նախնական կրթութիւնը ստացած էր Պոլսոյ Ներսէսեան վարժարանէն ներս:

1969 թուականին ընտանիքով տեղափոխուած էր Հայաստան եւ բնակութիւն հաստատած՝ Կիւմրի քաղաքը, ուր շարունակած եւ աւարտած էր միջնակարգ կրթութիւնը:

1978 թուականին ընդունուած էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարանը:

1979-ին զօրակոչուած էր խորհրդային բանակ եւ զօրացրուելէ յետոյ ուսումը շարունակած՝ Հոգեւոր ճեմարանի մէջ:

1985-ի դեկտեմբերին սարկաւագ ձեռնադրուած էր՝ ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Յուսիկ Արք. Սանթուրեանի:

1986-ի մարտին պաշտպանած էր աւարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունէութիւնը» նիւթով: Հոգեւոր ճեմարանը աւարտելէ յետոյ, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգէն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ծառայութեան անցած էր Վեհարանի մէջ՝ որպէս ընդունարանի քարտուղար:

1987-ի յունիսի 7-ին՝ Հոգեգալստեան տօնին, ձեռամբ Տ. Ներսէս Արք. Պոզապալեանի, ձեռնադրուած էր կուսակրօն քահանայ՝ շարունակելով ծառայութիւնը Վեհարանէն ներս:

1987-ի սեպտեմբերին Վազգէն Ա․ Վեհափառ Հայրապետի կարգադրութեամբ նշանակուած էր Հոգեւոր ճեմարանի վերակացու եւ ապա փոխ-տեսուչ:

1989-ի նոյեմբերին պաշտպանած էր վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» նիւթով:

1990-ին Վազգէն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ նշանակուած էր Զուիցերիոյ Ժընեւ քաղաքի հայ համայնքի հոգեւոր հովիւ:

1991-ին հրաւիրուած էր Մայր Աթոռ եւ նշանակուած՝ Շիրակի թեմի փոխ-առաջնորդ:

1995-ի յունիսին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հրաւիրուած էր Մայր Աթոռ եւ զբաղեցուցած՝ Մայր Աթոռի պահեստային տնտեսութեան գոյքագրման յանձնաժողովի նախագահի եւ տնտեսական ու շինարարական գործերով կաթողիկոսի խորհրդականի պաշտօնը:

1996-ին ընդգրկուած էր Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան Մարդասիրական օգնութեան կեդրոնական յանձնաժողովին՝ որպէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ:

1996-ին նշանակուած էր Հայաստանի Հանրապետութեան եւ Հայոց Եկեղեցւոյ յարաբերութիւններու խումբին՝ պետութեան կողմէ Մայր Աթոռին կալուածքներու վերադարձման յանձնախումբի նախագահ:

1996-ի յունիսի 3-ին Գարեգին Ա․ Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակուած էր Գուգարաց թեմի առաջնորդ:

1997-ի յունիսի 15-ին՝ ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրուած եւ օծուած էր եպիսկոպոս:

2000-ի մարտի 24-ին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ նշանակուած էր Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Կանոնադրութեան յանձնախումբի անդամ:

2000-ի նոյեմբերին նշանակուած էր Գերագոյն հոգեւոր խորհուրդի անդամ:

2000-ին նշանակուած էր 1700-ամեակի տօնակատարութիւններու գործադիր վարչութեան անդամ:

2012-ի մայիսի 17-ին Գարեգին Բ․ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորհուած էր «Արքութեան» պատիւ՝ քահանայագործութեան 25-ամեակի եւ առաջնորդութեան 15-ամեակի առթիւ:

Սրբազան հայրը հոգեւոր սպասաւորութեան ընթացքին արժանացած էր բազում կոչումներու եւ պարգեւներու։

Երեքշաբթի, Նոյեմբեր 24, 2020

———————————————————————-

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հոգեհանգստյան արարողությունը

 

23-11-2020-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցում Արմավիրի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ կատարվեց Գուգարաց թեմի Առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոսի հոգեհանգստյան կարգը։ Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ։ Հանգուցյալ Սրբազան Հոր կյանքն ու գործունեությունը հակիրճ, բայց գեղեցիկ կերպով ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդ ու սիրված հոգևորական Բարձրաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Վաղը՝ նոյեմբերի 24-ին, առավոտյան 10։00-ին, Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ, որից հետո կկատարվի Սեպուհ Սրբազանի թաղման կարգը Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում իր իսկ կտակի համաձայն։ Հիշատակն արդարույն օրհնությամբ եղիցի։ Ամեն։

ELVEDA SIRPAZAN SEBUH ÇULCİYAN KARDEŞİM!

Ruhun şad, mekânın cennet, devri daim olsun! Cenaze törenine gelemedim. Kalben senin yanındaydım. Gelebilseydim 2015’te Vanadzor Üniversitesi’nde birlikte okuduğumuz, İstanbul Ortaköylü Vahan Tekeyan’ın yazdığı “Haşvehartar” şiirini okuyacaktım. Mümkün olamadı! Sevgili Adıyamanlı Kardeşim şimdi sana Ankaralı Sırpazan Karekin Bekçiyan ile Sivas Kangallı Meline Terpinyan-Pohlman’ın Türkçeye çevirdikleri çok sevdiğin “Haşvehartar” şiiriyle elveda diyorum! Bilmeyenler ne bilsin seni, bilenlere selam olsun! Bochum, 24.11.2020, Kemal Yalçın
HAŞVEHARTAR İnç mınatz, gyanken indzi inç mınatz?
Ne Kaldı…?
Ne kaldı hayattan bana, ne kaldı?
Hayret! Yalnız başkasına gösterdiğim gizli şefkat,
Duyulmayan dualar,
Bazen de kalp ağrısı
Ve çoğu zaman da sessiz bir gözyaşı.
Başkasına giden ise
Döndü geldi bana geri
Daha kuvvetli ve daha güzel
Kalmak üzere ruhumda ebediyen.
Sevginin benden götürdüğü
Kaybolmadı Tanrı indinde.
İşte yalnız bu oldu
Hayatımı zenginleştiren.
Ve şimdi, ey yüce Tanrı,
Bütün acılarıma,
Kurumuş pınarına rağmen mutluluğumun,
Sarhoşluğunu yaşıyorum ben hâlâ o yıllanmış şarabın.
Ve sormuyorum artık, “Ne kaldı?”
Ne kalır ki toprak altında incecik filizlerden,
Görkemli meşe ağaçlarından?
Yalnız, güneşi doya doya içmiş olmanın sonsuz tesellisi!
Vahan Tekeyan
(1878 İstanbul-Ortaköy-1945 Kahire)
Türkçeye çevirenler:
Ankaralı Sırpazan Karekin Bekçiyan ile Sivas Kangallı Meline Terpinyan-Pohlman

 …

Post a comment