
Ստամբուլում կայացել է «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» ֆիլմի պրեմիերան

Ստամբուլում մարտի 13-ին տեղի է ունեցել թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Թուրքիայում շատ հայտնի կինեմատոգրաֆիստներ Շենեշ Շենը և Ուղուր Յուջելը, վերջերս կալանքից ազատված թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը:
Բացման խոսքով հանդես է եկել Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը:
«Արա Գյուլերի լուսանկարների արխիվին նայելով աշխատելը դրախտ գնալու նման մի զգացողություն է առաջացնում իմ մեջ»,- ասել է Փամուքը:
Ստամբուլի Ամերիկյան հիվանդանոցում ստացիոնար բուժօգնություն ստացող պոլսահայ աշխարհահռչակ ֆոտոնկարիչը բժիշկների թույլտվությամբ կարողացել է ներկա գտնվել միջոցառմանը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո Գյուլերը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է. «Ես, ընտրելով ֆոտոլրագրությունը, ամենադժվար ընտրությունն եմ կատարել: Երբ ասում եմ, որ լուսանկարը արվեստ չէ, ես էլ լուսանկարիչ-արվեստագետ չեմ, առարկում են: Լուսանկարչական սարքն իր ձեռքը վերցնող ցանկացած մարդ կարող է սեղմել կոճակը: Հիմա առանց այդ էլ բոլորն իրենց ձեռքի հեռախոսներով լուսանկարում են: Դա լուսանկարի վախճանն է նշանակում: Կգա մի ժամանակ երբ մարդիկ չեն ցանկանա լուսանկարներ օգտագործել: Ժամանակի ընթացքում լուսանկարը կկորցնի իր ձևը»:
****************************************************************