Սիվիլիթասը կգործի նաև Ստամբուլում
Նոյեմբերի 18-ին Սիվիլիթաս հիմնադրամը շուրջ 150 հյուրերի մասնակցությամբ ազդարարել է իր ներկայության մեկնարկը Ստամբուլում, ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Ստամբուլում Սիվիլիթասի ներկայությունը թույլ կտա, որ հիմնադրամի առցանց հեռուստաալիքը՝ ՍիվիլՆեթը, որն արդեն ավելի քան վեց ամիս է, ինչ հաղորդումներ է հեռարձակում Ստամբուլից, կանոնավոր և ավելի խորությամբ լուսաբանի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ հայ համայնքին, մշակութային կյանքին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև պաշտոնական և միջազգային շրջանակներին առնչվող թեմաները:
Սիվիլիթասի գործողությունների առանցքում կլինի նաև Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում հայերի ավանդի ու ժառանգության լուսաբանումը:
Սիվիլիթասի աշխատանքները Ստամբուլում կիրականացնեն հիմնադրամի երևանյան գրասենյակի աշխատակիցները: Նրանք կմասնակցեն Ստամբուլում տեղի ունեցող հասարակական միջոցառումներին, կառաջարկեն նախագծեր ու ծրագրեր, որոնք կիրագործվեն ոչ միայն Սիվիլիթասի, այլև արդյունավետ համագործակցության ձգտող այլ հաստատությունների կողմից:
Սիվիլիթասի աշխատանքները կկազմակերպվեն Իսթիկլալ փողոցի Հիդիվյալ պալատի գրասենյակներում, որը հայկական հաստատություններին պատկանող բազմաթիվ հին շինություններից մեկն է: