Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու
Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության իրականացման գործում առանցքային դեր են կատարել նաև Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարները, որոնք մասնավորապես տեղում կազմակերպել և վերահսկել են Օսմանյան կայսրության տարբեր շրջանների հայության տեղահանումն ու կոտորածները:
Ստորև ներկայացնում ենք մի հոդված` երիտթուրքական կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների դեմ Օսմանյան կայսրության Ռազմական արտակարգ ատյանում կայացած դատավարությունների վերաբերյալ:
Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների դատաքննությունը Ստամբուլի ռազմական դատարանում սկսվել է 1919 թ. հունիսի 21-ին ու տևել մոտ 7 ամիս, քանի որ 1919 թ. հունիսի 28-ի նիստից հետո Ռազմական արտակարգ ատյանում կատարված փոփոխությունների պատճառով դատաքննությունն ընդմիջվել է մինչև 1919 թ. հոկտեմբերի 6-ը:
Դատավարության սկզբում մեղադրյալները եղել են 7 հոգի, բայց երրորդ նիստում նրանցից մեկի դեմ հարուցված դատական գործը կարճվել է: Հետագա նիստերում ամբաստանյալների թիվը հասել է 12-ի, և դատավճիռ է կայացվել 12 մեղադրյալների վերաբերյալ:
Ամբաստանյալներն էին Մանիսայի պատասխանատու քարտուղար Ավնին, Բեյօղլուի պատասխանատու քարտուղար Հասան Սալահաթթինը, Էսքիշեհիրի պատասխանատու քարտուղար դոկտոր Բեսիմ Զյուհդին, Բուրսայի պատասխանատու քարտուղար դոկտոր Միթհաթը, Միրգյունի պատասխանատու քարտուղարի տեղակալ Ջևդեթը, Հալեպի պատասխանատու քարտուղար Ջեմալը, Էդիրնեի (Ադրիանապոլիս) տեսուչ Աբդուլ Գանին, Քոնիայի պատասխանատու քարտուղարի տեղակալ Աբդուլ Քադիրը, Քասթամոնուի պատասխանատու քարտուղարի տեղակալներ Մյունիրը և Հասան Ֆեհմին, Աֆիոն-Կարահիսարի ձեռնարկությունների լուծարման հարցերով նախկին պաշտոնյա Հայրեթթինը:
Երիտթուրքերի կուսակցության պատասխանատու քարտուղարների դատավարությունն սկսվել է դատարանի նախագահ Մուստաֆա Նազըմ փաշայի նախագահությամբ, իսկ ավարտին հասցվել` նախագահ Էսաթ փաշայի պաշտոնավարման ժամանակ:
Դատավարության սկզբում դատարանի կազմը հետևյալն էր. նախագահ` Մուստաֆա Նազըմ փաշա, անդամներ` գեներալ-մայոր Զեքի փաշա, գեներալ-մայոր Մուստաֆա փաշա (հայտնի է նաև Նեմրութ կամ Քուրթ մականվամբ), գեներալ-մայոր Ալի Նազըմ փաշա, գնդապետ Ռեջեփ Ֆերդի բեյ: Դատախազի պարտականությունը կատարել է դատախազի տեղակալ Ֆերիդուն բեյը[1]:
Դատաքննության առաջին նիստում (1919 թ. հունիսի 21) դատարանի նախագահը հաստատում է մեղադրյալների ինքնությունը, որից հետո ընթերցվում է 1919 թ. հունիսի 19-ին կազմված մեղադրական ակտը, ըստ որի` ամբաստանյալները մեղադրվում են Իթթիհաթ վե Թերաքքի կուսակցության անօրինական նպատակների իրագործման համար գործիք լինելու և երկրում անվտանգությունը խախտելու մեջ[2]: Դատախազը պահանջում է ամբաստանյալներին պատժել` քրեական օրենսգրքի 45-րդ և 56-րդ հոդվածների համաձայն[3]: Մեղադրյալները դատապաշտպան են պահանջում, և նիստը հետաձգվում է:
Հաջորդ նիստում, որը կայանում է 1919 թ. հունիսի 23-ին, բոլոր մեղադրյալները փորձում են հերքել իրենց մեղսագրվող մեղադրանքները, նույնիսկ նրանցից մի քանիսը պնդում են, թե իբր չեն լսել հայերի տեղահանության մասին, «իրենց շրջաններից տեղահանություն չի եղել», և «դրա մասին տեղեկացել են միայն հետագայում»[4]:
Երրորդ նիստում, որը տեղի է ունենում 1919 թ. հունիսի 28-ին, դատարանի նախագահի հրահանգով արձանագրող քարտուղարն ընթերցում է մի քանի հայ վկաների` Կարապետ Յազըջյանի, Թադևոսի և այլոց` դատարանին հղած հեռագիրը: Վկաները հայտնում են դատարանին, որ մեղադրյալներից Էդիրնեի տեսուչ Աբդուլ Գանիի տված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, քանզի առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք հաստատում են նրա մասնակցությունը Էդիրնեի հայերի տեղահանությանը: Հեռագրում նշվում է նաև, թե տարագրված 100 հայերից միայն 30-ն են հետ վերադարձել[5]: Վկաները խնդրում են մի արդարադատ հանձնաժողով ուղարկել Էդիրնե` ճշմարտությունը բացահայտելու նպատակով[6]: Դատախազի տեղակալ Սաքիբ բեյը հայտնում է դատարանին, որ նման հանձնաժողով ուղարկելու անհրաժեշտություն չկա:
Միևնույն նիստում հարցաքննված մեղադրյալ Զյուհդին նշում է, որ տեղահանությանն առնչվող հանցագործությունների մեղքն ընկնում է կառավարության վրա, քանի որ հենց վերջինս էր «Տեղահանության մասին» օրենքն ընդունել[7]:
Այս նիստից հետո Ռազմական արտակարգ ատյանում կատարված փոփոխությունների պատճառով դատաքննությունը երկար ժամանակով ընդմիջվում է ու վերսկսվում միայն 1919 թ. հոկտեմբերի 6-ին: Պատասխանատու քարտուղարների դատավարությունն այդուհետ շարունակվում է Ալի Ռըզա փաշայի վարչապետության օրոք (1919 թ. հոկտեմբերի 2-ից մինչև 1920 թ. մարտի 8-ը): Երկարատև ընդմիջումից հետո վերսկսված դատաքննության ժամանակ փոխված են լինում նաև դատարանի կազմն ու նախագահը[8]:
Հոկտեմբերի 6-ի նիստում մեղադրյալների դատապաշտպանները դատարանից պահանջում են անիրավասու հայտարարել իրեն` այս գործը քննելու առումով, սակայն դատարանը մերժում է նրանց պահանջը[9]:
Նմանատիպ նախաձեռնությամբ են հանդես գալիս նաև մեղադրյալները: 1919 թ. հոկտեմբերի 18-ին ամբաստանյալները դիմում են ռազմական նախարար Ջեմալ փաշային` խնդրելով իրենց դատաքննությունը հանձնել մեկ այլ դատարանի: Ջեմալ փաշան խնդրագրի մասին հաղորդում է դատարանին, բայց ատյանը պատասխանում է, թե դատավարությունն ավարտին է մոտենում, և որ դրա կարիքը բոլորովին չկա[10]:
Պատասխանատու քարտուղարների դատավարության հինգերորդ նիստը տեղի է ունենում 1919 թ. հոկտեմբերի 27-ին: Այս նիստում մյուս մեղադրյալների գործերին է կցվում նաև Չանքըրըի պատասխանատու քարտուղար Ջեմալ Օղուզի[11] թղթապանակը[12]: Վերջինս մեղադրվում է Ստամբուլից Չանքըրը աքսորված հայերի սպանության մեջ[13]: Նիստում ընթերցվում է աքսորյալների շարքում եղած քահանա Կարապետյանի գրավոր ցուցմունքը, որում նշվում է, թե Ջեմալ Օղուզը կազմակերպել է Անկարայից Այաշ տարագրված 5 նշանավոր հայերի սպանությունը[14]: Դարձյալ նույն նիստում ընթերցվում է Քաստամոնուի նահանգապետ Ռեշիդ փաշայի վկայությունը, որը վերաբերում է Քաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմիին: Քաստամոնուի վալին վկայում է, թե ինքը Հատուկ կազմակերպության (Teşkilât-ı Mahsusa) նախագահի ստորագրությամբ մի գրություն է ստացել Բեհաեդդին Շաքիրից, որը հաղորդում էր Քաստամոնուի հայերին տեղահանելու անհրաժեշտության մասին, և քանի որ ինքը չի ենթարկվել այդ հրամանին, պաշտոնից հեռացվել է: Նահանգապետը նաև տեղեկացնում է, թե Քաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմին քարոզչություն է ծավալել իր դեմ` ասելով. «Ռեշիդ փաշան ոչ թե թուրքերի վալին է, այլ` հայերի»: Մեղադրյալ Հասան Ֆեհմին ոչ մի պարզաբանում չի կարողանում տալ վերոհիշյալ վկայության առնչությամբ[15]:
Դատաքննության վեցերորդ նիստում, որը կայանում է 1919 թ. նոյեմբերի 3-ին, ընթերցվում են Չանքըրըի պատասխանատու քարտուղար Ջեմալ Օղուզի դեմ ուղղված գրավոր ցուցմունքները, և ունկնդրության են արժանանում մի շարք վկաներ: Նիստում դատական քարտուղարը ընթերցում է Չանքըրըում հայ ու թուրք վկաների տված գրավոր ցուցմունքները, որոնք բոլորն էլ ուղղված են լինում վերոնշյալ ամբաստանյալի դեմ: Վկաներից մասնավորապես Թերլեմեզյանը հայտնում է, թե երբ 700 հոգով հայերը տեղահանվել են դեպի Տավրոս, գնդակահարվել են բոլոր նրանք, ովքեր փորձել են խուսափել տարագրությունից[16]: Մեղադրյալը փորձում է հերքել բոլոր մեղադրանքները[17]:
Դատավարության յոթերորդ (1919 թ. նոյեմբերի 12) և ութերորդ (1919 թ. նոյեմբերի 22) նիստերում ունկնդրության են արժանանում Ցեղասպանությունից վերապրած հայերը: Այսպես` դեղագործ Գրիգորը վկայում է, որ Ստամբուլից Չանքըրը տարագրված 180 հայերից միայն 30-ն են ողջ մնացել, և որ հայերի կոտորածներն իրագործել է Ջեմալ Օղուզի ենթակայության տակ գտնվող Թեշքիլյաթ-ը Մահսուսայի ավազակախումբը, իսկ Չանքըրըում մնացած վերջին 5 հայերին դուրս են հանել քաղաքից ու ճանապարհին հանձնել մի հրոսակախմբի, որն էլ սպանել է նրանց:
Ութերորդ նիստում Ցեղասպանությունից վերապրած հայ ճարտարապետ Սիմոնը, որն աքսորված է եղել Չանքըրը, դատարանին վկայում է, թե վերոհիշյալ 5 հայերի սպանության ժամանակ ինքը եղել է Չանքըրըում, և որ ժանդարմերիայի հրամանատարը հայերի կոտորածների վերաբերյալ իրեն ասել է, թե «դա կառավարության գործն է», ու այդ ուղղությամբ հետաքննություն չի կատարել[18]:
Ամբաստանյալներից Ջեմալ Օղուզը 1919 թ. դեկտեմբերի ու 1920 թ. հունվարի դատական նիստերի ընթացքում ձևացնում է, թե խելագարվել է, անընդհատ վիճաբանում դատարանի նախագահի հետ և նույնիսկ ինքնասպանության փորձ անում: Ի վերջո, համոզում է դատարանի կազմին, որ իրեն ուղարկեն հոգեբուժարան: Թեև սկզբում ատյանը մերժում է նրա դիմումը, սակայն տասներորդ նիստում (1919 թ. դեկտեմբերի 29) նրա դատական գործն «առողջական խնդիրների» պատրվակով առանձնացվում է[19]պատասխանատու քարտուղարների դատական գործընթացից:
Ջեմալ Օղուզի առանձին դատաքննությունը վերսկսվում է 1920 թ. հունվարի 27-ին: 1920 թ. փետրվարի 3-ի նիստում մեղադրյալի դեմ վկայություն է տալիս հայ փաստաբան Գասպար Չերազը, ով դատարանին հայտնում է, թե ինքը Չանքըրը աքսորված լինելու պատճառով քաջատեղյակ է Դանիել Վարուժանի և Ռուբեն Սևակի սպանության մանրամասներին: Ըստ վկայի` Ջեմալ Օղուզն ինքն էր ուղարկել հայ մեծանուն բանաստեղծներին` այդպիսով կազմակերպելով նրանց սպանությունը: Գասպար Չերազը վկայություն է տալիս` բոլոր փաստերի մասին դատարանին հայտնելով ճշգրիտ թվականներ և անուններ[20]:
Հաջորդ նիստում, որը կայանում է 1920 թ. փետրվարի 5-ին, Ջեմալ Օղուզի դեմ ուղղված վկայությամբ է հանդես գալիս Միքայել Շամդանջյանը, որը հաստատում է, թե հայ աքսորյալների երկու խմբերի ցանկերը (24 և 52 հոգանոց) կազմվել են Չանքըրըում Ջեմալ Օղուզի կողմից, ով ավելի զորավոր էր, քան Չանքըրըի մութասարիֆ (կառավարիչ) Ասաֆ բեյը[21]:
Ջեմալ Օղուզը 1920 թ. մայիսին դատաքննվում է հարյուրապետ Նուրեդդինի հետ միասին: 1920 թ. մայիսի 27-ին նրան դուրս են գրում հիվանդանոցից և նորից բերում կենտրոնական բանտ, քանի որ դատարանը նրան դատապարտում է 5 տարի և 4 ամիս ազատազրկման, ապա Մեծ Բրիտանիայի Գերագույն կոմիսարության պահանջով 1920 թ. օգոստոսի 2-ին հանձնվում է անգլիացիներին, ովքեր 1920 թ. սեպտեմբերի 30-ին հայերի կոտորածների մեջ մեղադրվող մի շարք այլ թուրք պաշտոնյաների հետ նրան էլ են աքսորում Մալթա[22]:
Կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների դատաքննության տասնմեկերորդ (1920 թ. հունվարի 1) և տասներկուերորդ (1920 թ. հունվարի 3) նիստերում ունկնդրության է արժանանում պաշտպանող կողմը` ի դեմս դատապաշտպանների և մեղադրյալների:
Դատավճիռը կայացվում է 1920 թ. հունվարի 8-ին: Դատավճռում արձանագրվում է, որ Միություն և առաջադիմություն կուսակցության պատասխանատու քարտուղարների և պատվիրակների դատաքննության արդյունքում պարզվել է, որ կուսակցությունը ողջ երկրի իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելուց հետո կատարել է տեղահանություններ, կոտորած ու կողոպուտ: Աքսորված հայերից մի քանիսի տները վերածվել են կուսակցության ակումբների և կահավորվել լքված գույքով[23]:
Դատավճռում ընդգծվում է նաև, թե Քաստամոնուի հայերը քիչ են եղել ընդհանուր բնակչության թվի համեմատ, և «Տեղահանության օրենքի» համաձայն` նրանք չպետք է աքսորվեին: Ըստ դատավճռի` երբ այստեղի նահանգապետ Ռեշիդը չի ենթարկվել իր շրջանի հայերին տեղահանելու հրահանգին` ասելով` «Ես ձեռքերս արյան մեջ չեմ թաթախի», Քաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմին անմիջապես հեռացրել է նրան պաշտոնից ու վալի նշանակել Աթըֆին, որը փութաջանորեն իրականացրել է տեղահանությունը և տեղիք տվել ողբերգական դեպքերի[24]:
Դատավճռի մեջ նշվում է, որ բոլոր ապացույցներն ու փաստերը լիովին հաստատում են, որ հայերի ջարդերն իրագործել է Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից հիմնված Հատուկ կազմակերպությունը, իսկ կուսակցության պատասխանատու քարտուղարներն օժանդակել և դյուրացրել են այդ գործը[25]:
Կուսակցության պատասխանատու քարտուղարների վերաբերյալ կայացված դատավճռի համաձայն` ամբաստանյալներից Քաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմին մահմեդական բնակչությանը շարունակաբար հայերի դեմ հրահրելու, սեփական նախաձեռնությամբ նահանգապետին պաշտոնազրկելու, հայերի գույքը յուրացնելու, իր կողմից նշանակված նոր նահանգապետ Աթիֆի հետ հայերի տեղահանությունն իրականացնելու համար դատապարտվում է 10 տարվա տաժանակիր աքսորի:
Ըստ դատավճռի` չնայած Բոլուի հայության թիվը քիչ է եղել, և նրանք, ըստ օրենքի, չպետք է ենթարկվեին տեղահանության, սակայն մեղադրյալներից Բոլուի նախկին պատասխանատու քարտուղար Միթհաթը հրահրել է տեղի բնակիչներին, որպեսզի վերջիններս ցույց անեն` ասելով` «Չենք ուզում հայերին»: Ապա վերոհիշյալ ամբաստանյալը պաշտոնից հեռացնել է տվել Բոլուի գավառապետի տեղակալ Ալի Հիլմի բեյին, քանի որ վերջինս ընդդիմացել է տեղահանությանը: Այդպիսով` վերոնշյալ մեղադրյալը նպաստել է տեղահանության իրականացմանը: Դատարանն այս հանցագործությունների համար Բոլուի պատասխանատու քարտուղար Միթհաթին նույնպես դատապարտում է 10 տարվա տաժանակիր աքսորի:
Ամբաստանյալներից Էդիրնեի պատվիրակ Աբդուլ Գանին, դատավճռի համաձայն, մեծ ազդեցություն է գործել տեղահանության գործի վրա, զինված հրոսակախմբերի հետ շրջել ամենուր, բռնագրավել հայերի դրամը, դիզել մեծ հարստություն: Դատավճռում նշվում է նաև, որ թեև վերոհիշյալ մեղադրյալը ցուցմունք է տվել առ այն, թե իբր տեղահանությունն Էդիրնեում կատարվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում, և հայերի միայն մեկ քարավան է աքսորվել, սակայն դատարանը հարցում է արել Էդիրնե ու պատասխան ստացել, որ հայերի տարագրությունն այստեղ իրականացվել է երեք քարավաններով, որոնք ուղարկվել են Դեր Զոր: Քանի որ Աբդուլ Գանիի դեմ նույն մեղադրանքով դատական գործ էր հարուցվել նաև Էդիրնեի տեղահանության դատական գործի շրջանակներում, դատարանը որոշում է նրա դատավճիռն ըստ այդմ կայացնել:
Պատասխանատու քարտուղարների վերաբերյալ դատավճռով մեղադրյալներից Մանիսայի պատասխանատու քարտուղար Ավնի բեյը որոշ անձանց անօրեն կերպով բանտարկել տալու համար դատապարտվում է 9 ամսվա ազատազրկման:
Մնացած ամբաստանյալներին դատարանն ազատ է արձակում[26]:
[1] Takvîm-i Vekayi, No 3586, 28 Haziran 1919, s. 161.
[2] Նույն տեղում, էջ 163-164:
[3] «Իթթիհատական քարտուղարներուն դատավարութիւնը», «Ճակատամարտ», 22 հունիս, 1919, N 187 (2008):
[4] Takvîm-i Vekayi, No 3589, 5 Temmuz 1919, ss. 165-175.
[5] «Իթթիհատական պատուիրակներուն դատավարութիւնը», «Ճակատամարտ», 29 հունիս, 1919:
[6] Takvîm-i Vekayi, No 3596, 13 Temmuz 1919, s. 205.
[7] Նույն տեղում, էջ 210:
[8] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, Ankara, 2005, s. 226.
[9] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i Örfî Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, Bilgi Üniversitesi Yayınları, İstanbul, 2008. s. 153.
[10] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, s. 226.
[11] Ջեմալ Օղուզը հիշատակվում է նաև Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների մեղադրական ակտում, տե’ս Takvîm-i Vekayi, No 3540, 5 Mayıs 1919, s. 7.
[12] Ջեմալ Օղուզը հայ մեծանուն բանաստեղծներ Դանիել Վարուժանի և Ռուբեն Սևակի, ինչպես նաև` Օննիկ Մաղազաջյանի, Դյոքմեջի Վահանի և հացավաճառ Արթին աղայի սպանության կազմակերպիչն էր: Ջեմալ Օղուզը մաս առ մաս տեղահանել էր Ստամբուլից Չանքըրը աքսորված հայերին և նրանց հանձնել Անկարայի նահանգապետ Աթըֆին: Նրան Քասթամոնուի իր պաշտոնակցի հետ հաջողվել է պաշտոնանկ անել Քասթամոնուի նահանգապետ Ռեշիդ փաշային և բեկանել այստեղի հայերին տեղահանությունից զերծ պահելու կուսակալի որոշումը: «Ճակատամարտ» օրաթերթի տված բնորոշմամբ` Ջեմալ Օղուզը «Իթթիհատի հին մէկ բարակն էր» (որսաշունը), ով որպես ծածկագրության պաշտոնյա` ներկա էր գտնվել նաև Ադանայի 1909 թ. ջարդին, տե’ս «Դանիէլ Վարուժանի եւ Ռ. Սեւակի սպաննիչը ձերբակալուած», «Ճակատամարտ», 5 ապրիլ, 1919, N 122 (1943):
[13] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 153.
[14] Նույն տեղում:
[15] Նույն տեղում, էջ 154:
[16] «Վարուժանի սպաննիչներուն դատավարութիւնը», «Ճակատամարտ», 5 նոյեմբեր, 1919:
[17] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 154.
[18] Նույն տեղում:
[19] Նույն տեղում, էջ 155:
[20] «Ո՞վ սպաննեց երկու բանաստեղծները», «Ճակատամարտ», 4 փետրվար, 1920:
[21] «Ճէմալ Օկուզի դատը», «Ճակատամարտ», 6 փետրվար, 1920, N 373 (2194):
[22] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 88.
[23] Takvîm-i Vekayi, No 3772, 10 Şubat 1920, s. 3.
[24] Նույն տեղում, էջ 4:
[25] Նույն տեղում:
[26] Takvîm-i Vekayi, No 3772, 10 Şubat 1920, ss. 4-6.
Akunq.net